Պյոտր Մամոնովը ոմանց հայտնի է որպես ռոք-երաժիշտ, ոմանց` որպես դերասան (հատկապես «Կղզի» ֆիլմից), իսկ մենք ներկայացնում ենք նրան որպես արձակագրի։
Պյոտր ՄԱՄՈՆՈՎ
ԱՍՏԾՈ ԱՇԽԱՐՀԸ
Կա այսպիսի արտահայտություն։ Իսկ ի՞նչ է նշանակում դա։ Ինձ համար դա աշխարհն է, որը պատկանում է Աստծուն։ Այն ամենը, ինչը պատկերում է Նրա վեհությունն ու գեղեցկությունը։ Երբեմն դա իմ հոգին է, երբեմն` մեքենան, երբեմն` ծառերը կամ խոտը։ Կամ երբ սեպտեմբերյան պայծառ առավոտյան արևն ու լուսինը երևում են միանգամից երկնքի երկու կողմերում։ ՈՒրեմն կարելի է ասել, որ Աստված ամենուր է։ Բացի այն տեղերից, որտեղից մենք Նրան դուրս ենք քշել։ Այնքան սոսկալի է լինում, երբ, օրինակ` անճոռնի տուն է, կամ մայր են հայհոյում։ Չեմ հիշում, թե ինչպես կամ որտեղից եկավ այն միտքը, գուցե ինչ-որ մեկը բացատրեց, որ Տերը ոչ թե պարզապես ստեղծել է աշխարհը և հեռացել, այլ այն «պահում» է Իր ափերի մեջ։ Այդ պատճառով է, որ այս սարսափելի անկյունն ու անհեթեթ պատշգամբիկն արձագանք են առաջացնում ամբողջ Տիեզերքում։ Նույնպես և մեր յուրաքանչյուր վատ արարքը։ Ինձ այդպիսի բացատրությունն անմիջապես հրապուրում է։ Ես ամբողջովին համաձայնում եմ։
Իսկ ի՜նչ բառ է «Տիեզերք»-ը (տի` «մեծ» և եզերք, «եզր»` «աշխարհ, երկիր»)` «մեծ աշխա՜րհ»։
Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում Աթոս սարի քարանձավում։ Նստում էր այդ անձավում, խնդրում էր Աստծուն` բոլոր մարդկանց և իր համար։ ՈՒ Տերը տալիս էր նրան շա՜տ բաներ։ Անձավի պատուհանից հրաշալի տեսարան էր բացվում` ծովը, կղզիները, կապույտ երկինքը, իսկ նա փակում էր այդ ամենը փոքրիկ տախտակով։ Նրան հարցնում էին. «Ա՛յ ալևոր, ինչո՞ւ ես լույսը կտրում, չէ՞ որ դա Աստծո աշխարհն է, Աստծո լույսը»։ Իսկ նա պատասխանում էր. «Օ՜, եթե իմանայիք, թե ինչ լույս է իմ ներսում»։
Իհարկե, մեզ համար դա անհասանելի բարձունք է։ Սակայն, ինչպես ասում էր սուրբ Գրիգոր Աստվածաբանը 325 թվին, «ավելի լավ է թռչել երկնքում սավառնող արծվից ցածր, քան թիթեռնիկներից բարձր, որոնք սփռված են գետնամած»։
ՎԻՐԱՎՈՐԱՆՔ
Չներել նեղացնողին նույնն է, թե զայրանալ ինչ-որ առարկայի վրա, որին բախվել ես։ Մեղավորը միշտ դու ես, բայց երբեմն այնքան ցավոտ է, երբ զայրացած հարվածում ես այդ իրին կամ այն շպրտում ես հատակին։ Է՛, հետո՞ ինչ։ Միայն ձեռքդ ցավեցրիր, կամ այն հետ թռավ և` ուղիղ ճակատիդ։
Վիրավորվածությունը դժոխային մի վիճակ է` ոչ մի տեղ հանգստություն չես գտնում։
Մենակ նստած եմ գյուղում, մտածում եմ, որ գուցե հիմա ինչ-որ մեկը նեղացած է ինձնից։ Հինգ տարի չէինք տեսել միմյանց, հանկարծ հանդիպեցինք։ Մտածում եմ` ինչո՞ւ է խեթ նայում ինձ։ Պարզվում է, հինգ տարի առաջ ասել եմ. «Հիմա ես բոլորովին այլ կերպ եմ ապրում», իսկ նա մինչ այս պահը վիրավորված է։ Իսկույն սխալս ուղղեցի. «Սիրելի՜ս, ների՛ր ծեր հիմարիս»։
Երեկոյան նստած եմ։ Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է այսքա՜ն լավ։ Աստված ամեն ինչ նկատում է։ Ասելը հեշտ է, անելն է դժվար։ Սակայն եթե շատ ջանք թափես, հասկանաս, որ այլ միջոց չկա ապրելու, այդ ժամանակ կստացվի։
Տերն առաքյալների ներկայությամբ քայլում էր ծովի վրայով։ Նա միանգամից չեկավ նրանց մոտ «...և ուզում էր անցնել նրանց կողքով» (Մարկ. 6)։ Որպեսզի համբերեն և ինքնուրույն աշխատեն։ Հետո գցեց նրանց ավելի մեծ սարսափի մեջ, սկսեց մոտենալ նրանց` քայլելով ալիքների վրայով, և նրանք «կարծեցին, որ դա ուրվական է, սկսեցին ճչալ»։ Բայց Տերն իսկույն հանգստացրեց նրանց. «Քաջալերվե՛ք, Ես եմ, մի՛ վախեցեք»։ Մեկ-մեկ թվում է` վե՛րջ, էլ ուժ չունեմ։ Եվ այդ պահին գալիս է Տերը։
«Եվ Նա նավակ բարձրացավ, և քամին դադարեց» (Մարկ. 6)։ Տե՛ր, ողորմյա՛ ինձ` մեղավորիս։
Բռնեցի ու կոպտեցի կնոջս,
Գնում ենք, գնում` անիվը պայթե՛ց,
Ծնկաչոք ծղրտացի`
Ամեն ինչ լա՜վ է։
Հ. Գ. - Եվ էլի. «ՈՒրեմն հանի՛ր վզիցդ խաչը ու դի՛ր այն դաշնամուրի վրա» (հայր Դմիտրի Սմիռնով, «Քարոզներ»)։
ՄԱՐՄԻՆԸ
Ինձ, չգիտեմ ինչու, թվում է, թե ատամներն ավելորդ բան են մարդու համար, թե Տերը սարքել է դրանք ամենավերջում, այն էլ` մարդու թախանձալի խնդրանքով։ Հենց այդ «գործիքով» Ադամը կծեց խնձորը։ Պատկերացնո՞ւմ եք, եթե Ադամը չունենար ատամներ։ Սակայն ես ուզում եմ խոսել ոչ թե դրա, այլ ավելի լուրջ բանի մասին։ Ինչի՞ համար է մեզ տրված այսպիսի հոյակապ մարմին, զարմանալի ուղեղ։ Եկեղեցին վերաբերվում է մարմնին որպես սրբության, իսկ ե՞ս։ Ես ինչո՞ւ եմ մտածում, թե այդ ամենը իմն է։ Չնայած լինում են և այլ պահեր` նայում եմ ձեռքերիս, թե ինչքան բան կարող են անել նրանք, ի՜նչ հիանալի է կարգավորված ամեն ինչ։ Մատդ կտրեցիր, մի քանի օր հետո լավանում է։ Մուրճը բռնում են ոչ սղոցի կամ էլ պատառաքաղի պես։ Վայրկենապես ամեն ինչին հակազդում են, կարող են դիմանալ և՛ ցրտին, և՛ շոգին, և՛ ցավին։ Մի անգամ Սիմեոն Նոր Աստվածաբանը հաղորդությունից հետո գրեց. «Նստած եմ փայտե նստարանին, նայում եմ այս զառամյալ ձեռքերիս, այս ծերացող մարմնիս և տեսնում եմ սարսափած, որ դրանք Աստծո ձեռքերն են, որովհետև հաղորդությամբ դրանք դարձան Քրիստոսի մարմնի մասերը, և նայում եմ շուրջս, այս խղճուկ խցին։ Նայի՛ր, նա ավելի մեծ է, քան երկինքը, քանզի երկինքը չի ամփոփում Աստծուն, իսկ այս խուցն ամփոփում է, որովհետև Նրա մարմինն իմ միջոցով այստեղ է... Եվ իմ խուցը բացվում-լայնանում է։ Եվ Տիեզերքից մե՛ծ է»։ Եվ ծխագլանակն ու օղու բաժակը բռնում եմ նույն այս ձեռքերով։
ԾԽԱԽՈՏԸ
Նեղություն քաշիր և քո ամենասիրելի խնձորների պաշար ունեցիր։ Հենց ծխել ես ուզում, վերցրու խնձորը, նստիր այնտեղ, որտեղ միշտ ծխում ես, ու սկսիր ուտել։ Ամեն մի կծելը մի ծուխ ներս քաշելն է։ Մի շտապիր կուլ տալ, հանգամանորեն ծամիր խնձորը և նուրբ միջուկը լեզվով սեղմիր կոկորդիդ, քիմքիդ, լնդերիդ։ Քո ողջ էությամբ փորձիր ներծծել այդ զարմանալի պտղի հյութը։ Հիշիր, թե ինչպես է աճում խնձորենին, ինչպես է հողի զորությունը հոսում ծառի բնի մեջ և դառնում գնդիկ։ Ինչպես է արևը տաքացնում նրան այս ու այն կողմից, եփում արևահամ նեկտարը։ Դա նույնպես կիրք է, վստա՛հ եղիր։ Հոգևոր օրենքի համաձայն` մի կիրքն արագորեն դուրս է մղում մյուսին։ Հաղթահարել այս մեկը քեզ համար ավելի հեշտ կլինի, քան արմատացած ու անհամ սովորությունը։ Նույնիսկ միայն «ծխել» բառը գրելն արդեն նողկալի է, այնքան եմ սիրում խնձորը։
Պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ